login
Հոդվածներ
ՀԲԸՄ Կահիրեի համագործակցությունը ՀՎՀ-ի հետ 12/06/2015
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանն այցելեց Կահիրե մասնակցելու երկու հանրային միջոցառման` հանդիպում ՀՎՀ ուսանողների հետ և դասախոսություն օնլայն կրթության ու ՀՎՀ-ի գործունեության մասին: ՀՎՀ նախկին ու ներկա ուսանողների և ՀՎՀ հիմնադիր նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Կահիրեի Գալուստյան-Նուբարյան դպրոցում: Այն վերածվեց բաց և անկեղծ մի քննարկման, որի ընթացքում ուսանողները խոսեցին ՀՎՀ-ում իրենց ուսման հաճելի տպավորությունների մասին և օգտակար առաջարկներ ներկայացրեցին ծրագրի հետագա կատարելագործման համար: Օրվա երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ Կահիրեի Բելեկդանյան սրահում, որտեղ Երվանդ Զորյանը հանդես եկավ «Կրթություն և նորամուծություն» խորագիրը կրող շնորհանդեսով: Հայկական համայնքի անդամները դարձան անչափ հետաքրքիր մի դասախոսության մասնակիցը, որը վերաբերում էր հայագիտական առարկաների առցանց կրթության հնարավորությանը: Դոկտոր Զորյանը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին` այն որակելով որպես աշխարհասփյուռ հայերին վերամիավորելու և հայկական ինքնությունը պահպանելու միջոց: Ի նշան երախտագիտության` դասախոսության վերջում ՀԲԸՄ Կահիրեի կողմից ուսանողներին շնորհվեցին վկայագրեր` լսարանին շահադրդելով հետամուտ լինել հայկական կրթության զարգացմանը: Դոկտոր Զորյանն իր հերթին շնորհակալագրով պարգևատրեց Աննա Դոլաբջյանին, ով ՀՎՀ-ի ներկայացուցիչն է Կահիրեում: Եռամյա նվիրված աշխատանքի և անխոնջ ջանքերի համար Աննա Դոլաբջյանը նշանակվեց ՀՎՀ-ի դեսպան Եգիպտոսում: Իր երախտիքի խոսքում տիկին Դոլաբջյանը փաստեց հետևյալը. «Անհատի հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է: ՀՎՀ-ի անձնակազմի հզոր աջակցությունը և համագործակցության ոգին մեծապես նպաստել են ՀՎՀ-ՀԲԸՄ Եգիպտոս միասնական ձեռքբերումներին:» Տարեմուտի այս միջոցառումը 2016 թվականը նոր ոգևորությամբ սկսելու մեծ խթան էր. անհրաժեշտ է ընդարձակել Եգիպտոսում ՀՎՀ-ի ներկայությունը և ավելացնել ուսանողների թիվը: