avc_insights
Ես սիրեցի հայերենը հայ մեծանուն գրողների ստեղծագործությունների շնորհիվ

«Հայկական հեքիաթներն ավարտվում են հետևյալ խոսքերով. երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ պատմողին, մյուսը՝ լսողին, մեկն էլ՝ ականջ դնողին: Ի՜նչ ափսոս, որ խնձոր չկա պատմությունը գրողի համար»:        Նենսի Վիլյարդ

Ի տարբերություն ՀՎՀ-ում սովորող ուսանողներից շատերի՝ ես չունեմ հայկական արմատներ: Ես սկսել եմ սովորել հայոց լեզու՝ սիրելով այն, իսկ սիրել եմ հայ նշանավոր գրողների ստեղծագործությունների շնորհիվ: Նրանց տաղանդի և վարպետության արդյունքում է, որ այս գեղեցիկ ու եզակի լեզվով գրված աշխատությունները դարձել են համաշխարհային գրականության գոհարներ:

Հայ գրականությանը ծանոթացա մի քանի տարի առաջ, երբ մտերմացա հայ գործընկերոջս հետ: Մենք միասին աշխատում էինք ակադեմիայում և սիրում էինք դասական գրականությունը: Մի օր նրան խնդրեցի առաջարկել հայ դասականների որոշ գործեր ընթերցանության համար: Նա փորձեց գտնել անգլերեն թարգմանությունների լավ տարբերակներ, բայց դրանք քիչ էին: Մենք սկսեցինք միասին թարգմանել Րաֆֆու վեպերից մեկը: Ընկերս պատասխանատու էր հայերեն թարգմանության համար, ես՝ անգլերեն:
Այնքան սիրեցինք այս համագործակցությունը, որ հիմնեցինք «Sophene Armeniaca»-ն (լատիներենից թարգմանաբար՝ «Հայաստանից»): Նպատակը մեկն էր.՝ հայ դասական գրականությունն ավելի հասանելի դարձնել ընթերցասերների նոր սերնդի համար:

Թեև մեր գրական համագործակցության համար ես հայերենին գերազանց տիրապետելու կարիքը չունեի, այդուհանդերձ ցանկությունս մեծ էր՝ հայ դասական գրականության ավանդույթները խորությամբ ճանաչելու և ի նշան հարգանքի այն գործերի հանդեպ, որոնք թարգմանում էինք: Անկախ նրանից, թե որքան փորձառու է թարգմանիչը, թե որքան հմտորեն է նա «բռնում» հեղինակի միտքը, կա մի զգացում, որը կարող ես զգալ միայն ընթերցելով ստեղծագործության բնօրինակը, կարդալով այն հենց հեղինակի գրած մայրենի լեզվի բառերով:

Հայերենի երկու ճյուղերն ուսումնասիրելուց հետո որոշեցի սովորել արևմտահայերենը: 19-րդ դարի գրականությունը կարդալու համար այն ինձ շատ պիտի օգներ, քանի որ վերջին 100 տարիների ընթացքում քիչ է փոփոխվել և պահպանել է դասական ուղղագրությունը: Այնտեղ, որտեղ ապրում եմ, արևմտահայերեն սովորելու որևէ ռեսուրս չկար: Եվ ուրեմն սկսեցի սովորել առցանց՝ ՀՎՀ-ի միջոցով: Իմ հեռավար դասախոսը՝ Անի Դեկիրմենչյանը, ինձ համար հիանալի ուսուցիչ և ընկեր դարձավ: Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում մեր ամենշաբաթյա առցանց հանդիպումներին:

ՀՎՀ-ի դասընթացների առցանց նյութերը կատարյալ են, իսկ լեզվական հմտություններս հատկապես զարգացան ձայնագրված երկխոսությունները լսելու շնորհիվ (իհարկե գրքեր ընթերցելուց բացի): Անկասկած հայերեն սովորելը դժվար է, հատկապես մեկի համար, ով նախկինում որևէ կապ չի ունեցել այդ լեզվի և մշակույթի հետ: Բայց երբ սիրահարվում ես այդ լեզվին, ինչպես իմ դեպքում եղավ, պարզապես սկսում ես հաճույք ստանալ ամեն մի նոր բառ սովորելուց: Վերջերս իմացա նաև, որ արևմտահայերենը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների շարքում. ուսումս շարունակելու գերազանց շարժառիթ:

Ուրախ եմ, որ ՀՎՀ-ն ինձ տալիս է հնարավորություն հասնել իմ գերնպատակին, այն է՝ հայերենով կարդալ հայ նշանավոր գրողների գործերը: Միևնույն ժամանակ, հպարտ եմ, որ աշխատում եմ մի նախագծում, որը պետք է վերածնի հայ դասական գրականությունը: Հույս ունեմ՝ մի օր այն համաշխարհային մակարդակով իր արժանի գնահատականը կստանա:

Հեղինակ` Քիմբերլի Մակֆարլեյն, Ավստրալիա
Facebook     Twitter



Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որի նպատակն է հայկական կրթությունը հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Թվային գրքերի շարքի մեկնարկը փաստում է ՀՎՀ-ի աշխարհագրության ընդարձակումը նոր և հետաքրքիր ուղղությամբ: