avc_insights
ՀՎՀ-ն` որպես անգնահատելի աղբյուր

Էրիկա Վարդանյանը, լինելով մաթեմատիկայի դասախոս և մասնագիտացած լինելով Վաշինգտոնի համալսարանի փիլիսոփայության բաժնում, գնահատում է լեզվի և խոսքի կարևորությունը։ «Փիլիսոփայությունը ինձ սովորեցրել է կրկին մտածել այն ամենի մասին, ինչ ասում եմ, լսում եմ և կարդում, և ես բառերը այլևս հենց այնպես չեմ ընկալում»։

Լեզվի հանդեպ ունեցած սերը նրան ուղղորդեց դեպի Հայկական վիրտուալ համալսարան. նա գրանցվեց հայոց լեզվի դասընթացին։ Մեծ ցանկություն ունենալով հայերենով ավելի լավ հաղորդակցվելու հայ համայնքի, ինչպես նաև իր հարազատների հետ` Էրիկան, իր համալսարանական դասընթացներին զուգահեռ, գրանցվեց ՀՎՀ-ի հայերենի տարրական և նախամիջին մակարդակներին։
Էրիկան հայեցի դաստիարակություն է ստացել և խոսել է հայերեն։ Նա առաջին անգամ Հայաստան է այցելել 2006 թվականի ամռանը, երբ 12 տարեկան էր։ Հասցրել է մասնակցել նաև Վարդավառի տոնակատարությանը, ինչն իր համար անակնկալ էր։ Էրիկայի քույրը ներկայումս Վաշինգտոնի հայկական մշակութային ասոցիացիայի գանձապահն է։ Երկուսն էլ մասնակցում են ամեն ամիս կազմակերպվող շատ միջոցառումների։ «Շատ հաճելի է տեսնել, որ այդքան շատ մարդիկ են հավաքվում, որպեսզի պահպանեն մեր ավանդույթները»,– ասաց նա։

Էրիկան ցանկություն հայտնեց գրանցվել հայերենի դասընթացին այն ժամանակ, երբ գիտակցեց, որ իր իմացած հայերենը մեծապես կրում է պարսկերենի ազդեցությունը, և նա զգաց, որ ստիպված է կրկին սովորել այն լեզուն, որն իմացել է իր ամբողջ կյանքում։ «Ես ստիպված էի նորից սովորել շատ բառեր և արտահայտություններ, քանի որ ընտանիքում մենք շատ պարսկերեն բառեր էինք կիրառում` առանց նույնիսկ դա գիտակցելու»։

Էրիկային Հայկական վիրտուալ համալսարան խորհուրդ էր տվել ընդունվել հայ համայնքի ընկերներից մեկը, ով արդեն իսկ գրանցված էր արևմտահայերենի դասընթացին։ Ընդամենը երկու դասընթաց ավարտելուց հետո Էրիկան փաստում է, որ իր հայերենի իմացությունը զգալիորեն լավացել է, ինչն էլ իրեն լայն հնարավորություն է տալիս ազատ հաղորդակցվելու տարբեր բարբառներով խոսող հայերի հետ։ «Մինչ ՀՎՀ ընդունվելը ես միայն խոսում էի այն բարբառով, որ լսել եմ իմ ընտանիքում, իսկ հիմա ավելի մեծ բառապաշար ունեմ, որն ինձ թույլ է տալիս շփվել տարբեր բարբառներով խոսող հայերի հետ։ Այն ինձ համար անգնահատելի աղբյուր է, քանի որ ես հայ համայնքի մի մասնիկն եմ»։

Էրիկան խորհուրդ է տալիս գրանցվել Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներին բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել հայերեն։ Բացի դրանից` նա շատ է կարևորում օնլայն ուսուցիչների դերը, ինչպես նաև վիրտուալ այցելությունների առկայությունը։ «Մարինան` իմ օնլայն ուսուցիչը, միշտ սիրալիր և համբերատար է եղել ինձ հետ, միշտ պատրաստակամ` պատասխանելու իմ բազմաթիվ հարցերին տեսակոնֆերանսների ժամանակ։ Նա ինձ միշտ օգնել է համալրել իմ բառապաշարը և բարելավել իմ խոսակցական հմտությունները»,– ասաց Էրիկան։ Նա նաև ավելացրեց. «Ինձ շատ դուր եկան ՀՎՀ-ի կազմակերպած հեռահար (վիրտուալ) այցելությունները, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու հայոց պատմության և մշակույթի մասին»։ Էրիկան մտադիր է գրանցվել ՀՎՀ շախմատի, ինչպես նաև պատմության դասընթացներին։

Էրիկան արդեն պլանավորում է իր հերթական այցը Հայաստան և ցանկանում է այցելել Գորիս և տեսնել Զորաց քարերը։ Նաև ցանկանում է ակտիվորեն մասնակցել Վարդավառի տոնակատարությանը։ Նա նաև մտածում է այցելել ՀՎՀ գրասենյակ և հանդիպել Մարինայի հետ։
Հեղինակ` Լենա Թաշչյան
Facebook     Google Plus     Twitter



Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առաջին առցանց ուսումնական հաստատությունն է, որի նպատակն է՝ վերափոխել հայկական կրթությունը հեռավար ուսուցման արդի տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ն տրամադրում է հավատարմագրված և համապարփակ հեռավար կրթություն՝ առաջարկելով մուլտիմեդիա բովանդակություն, վիրտուալ և/կամ հիբրիդ ուսուցման հարթակ: Հեռավար ուսուցումը կյանքի է կոչվում օնլայն ուսուցիչների, վիրտուալ դասարանների և չաթ-սենյակների օգնությամբ: ՀՎՀ-ն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հայկական ժառանգության ու ինքնության վերաբերյալ և օնլայն կապ հաստատել հայ ուսանողների հետ ամբողջ աշխարհում: