ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը հյուրընկալել է ՀՀ սփյուռքի նախարարության «ԱՐԻ ՏՈՒՆ» երիտասարդական ծրագրի մասնակիցներին (Հունիսի 13, 2012)
2012 թվականի հունիսի 13-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» երիտասարդական ծրագրով Հայաստան ժամանած մի խումբ պատանիներ ու երիտասարդներ այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի երևանյան գրասենյակ, ավելի մոտիկից ծանոթանալու ՀՎՀի առցանց դասընթացների մանրամասներին:
ՀՎՀ-ի օնլայն ուսուցիչներից՝ Օվսաննա Ճորոխյանը խոսեց ՀՎՀ-ի գործունեության մասին և ներկայացրեց մի քանի օնլայն դասընթացների նմուշներ: Այնուհետև ՀՎՀ-ի համագործակցության և զարգացման համակարգող Նուշիկ Միքայելյանը հետաքրքրաշարժ ուսուցողական մրցույթ կազմակերպեց, որն էլ մեծ խանդավառություն ստեղծեց, իսկ հանդիպման ավարտին, հաղթող խմբին շնորհվեց մրցանակ:
Պետք է նշել նաև, որ մասնակիցներից շատերը հետաքրքրություն ցուցաբերեցին Հայկական վիրտուալ համալսարանի և առցանց հայագիտական դասընթացների նկատմամբ: